ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նրա ձայնը «քուլա-քուլա խունկի պես» հասնում էր մինչև երկինք...

Նրա ձայնը «քուլա-քուլա  խունկի պես»  հասնում էր  մինչև  երկինք...
10.04.2012 | 00:00

1965 թ. նշվեց Օսմանյան կայսրության սանձազերծած Հայոց ցեղասպանության 50-ամյակը: Ազգային զարթոնքի ալիքը ներխուժեց և արվեստի ասպարեզ, խթանեց հետագա զարգացումը և ուղղվածությունը:

1967-ին վեր խոյացավ Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթողը: Մեծ և Փոքր Արարատները խորհրդանշող երկնասլաց «կամերտոնը» տոն տվեց մեր հոգևոր կյանքին, արվեստին, ցույց տվեց մեր ժողովրդի անցնելիք ուղին: Հիրավի, «per aspera ad astra»` փշերի միջով առ աստղեր: Մեկը մյուսին հետևեցին Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի վերամշակված հրատարակությունը, «Եռաձայն պատարագը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը…

Հիշյալ ժամանակաշրջանում մեր արվեստի անդաստանում բացվեց մի նոր ծաղիկ` «Լուսինե» անունով: Եվ, շնորհիվ երգչուհի Լուսինե Զաքարյանի, նրա խորհրդատու և կյանքի ընկեր Խորեն Պալյանի և երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի, հայ հոգևոր երգը հորդեց համերգասրահներ, մտավ հասարակության կյանք: Ինչպես չորացած հողն է կլանում անձրևը, այնպես էլ անաստվածության տարիներին էր ընկալվում Լուսինեի երգը: «Նա Զվարթնոցի հրեշտակի պես դուռն է բացում հավիտենության»,- այսպես է ներբողել Լուսինեին լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը: Նրա երգն աղոթք էր, աղոթքը` երգ: Այդպիսին էին «Սուրբ, սուրբ» «Խորհուրդ խորին», «Առավոտ լուսոյ», «Հավուն, հավուն» և այլ երգեր: Դրանց ներգործման աննախադեպ ուժը ոչ միայն հայի արյան կանչն էր: Խոր հուզմունքով էին Լուսինեին լսում նաև օտարները: 1960-ականների վերջին տեղի ունեցավ Համամիութենական 1-ին միջբուհական գիտաժողովը: Նովոսիբիրսկ էին ժամանել Միության տարբեր ծայրերից: Երևանից գործուղվել էին կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժնի մի խումբ ուսանողներ: Մեր թեմաներից մեկը հայ միջնադարյան հոգևոր երգարվեստն էր: Մեզ հետ վերցրել էինք նաև Լուսինեի ձայնասկավառակը: Այլազգի ունկնդիրներն այնքան էին զմայլված, կարծես ցրտաշունչ Նովոսիբիրսկում հանկարծ սոխակ էր հայտնվել: Տեղին է կրկին հիշել Մեժելայտիսի «Դայլայլում է Լուսինեն» ներբողը:

Ասում եք` մեզ մոտ սոխակներ չկան…

Լուսինեն ի՞նչ է… ես նրա ձայնից

Ձկան պես ասես ընկնում եմ ուռկան…

Եթե Լուսինեի երգի ձայնագրությունն այդքան ազդեցիկ էր, ապա օտարները որքա՜ն պիտի խանդավառվեին` լսելով երգչուհու կենդանի ձայնը, տեսնելով նրան բեմում աղոթելիս: Հետագայում ականատեսը եղանք այդ սրբազնագործության: Ահավասիկ 1984 թ. հոլանդական Մաստրիխտ քաղաքում կայացավ կրոնական երաժշտության միջազգային փառատոն` նվիրված Հոլանդիայում քրիստոնեության հիմնադիր, հայազգի Սուրբ Սրվասի ծննդյան 1600-ամյակին: Հայաստանից մասնակցում էին Լուսինե Զաքարյանը և Վահագն Ստամբոլցյանը, պետական կամերային նվագախումբը` Ռուբեն Ահարոնյանի ղեկավարությամբ, և «Շարական» համույթը: Մտածում էի, թե ինչպես կընդունեն մեզ, մեր շարականները, տաղերը, մեր և հենց իրենց` հոլանդական ժողովրդական երգերը` մեր կատարմամբ: Մտահոգված էի, քանզի չէի կարող մոռանալ մեծ դիրիժոր Շառլ Մյունշի այն խոսքը, թե եթե սառնասիրտ հոլանդացիները մեկ-երկու ծափ տվեցին քեզ, կնշանակի, որ մինչ այդ ոչ ոք նման հաջողության չէր հասել: Մեր համերգները տեղի էին ունենում եկեղեցիներում: Լուսինեի և Ստամբոլցյանի համերգից առաջ, եկեղեցին շրջապատող հրապարակում թևածում էին Նարեկացու տաղերը` բարձրախոսներով հնչեցնում էին երգչուհու ձայնագրությունները: Անցնող-դարձողները հապաղում էին, մի պահ կանգ առնում և շարունակում իրենց ճամփան: Հայտնի չէ, թե դրանցից ովքեր էին ներկա եղել համերգին, սակայն մի բան ակնհայտ էր. երաժիշտները կարողացան կրակ վառել սառնասիրտ հոլանդացիների սրտերում: Զարմանալի է, հոլանդացիք մեզ ծափահարում էին նույնիսկ փողոցում հանդիպելիս: Եվ զգացի, որ երիցս ճիշտ էր երջանկահիշատակ Վազգեն վեհափառ հայրապետը, որ ասում էր. «Մեր հոգևոր երգերը Սուրբ հոգով են շաղախված»: Իսկ Սուրբ հոգին համատիեզերական է, համամարդկային, ուստի այդ երգերը հուզում են, անկախ ազգային պատկանելությունից: Համամարդկային են և բնության կանչը, հովերը, որ Լուսինեի երգում նկատել էր Մեժելայտիսը:

…Այդ մաքուր ձայնը լեռան բնակիչ,

Լեռան աղբյուրն է ու լեռան առու,

Սարդարապատյան զանգի ձայն է ջինջ,

Որ հերոսների փառքն է մեծարում:

Այդ ձայնը հովվի սրինգ է նրբին

Եվ քամանչայի լար է ոսկեշող,

Նա Կոմիտասի` այդ անմահ սրբի

Սրտի հառաչն է, ողբն է հավերժող…

…նա չվերծանվող հին խազն է ասես

Եվ մի խոսք է սուրբ` երկիր Հայաստան…

Շատերի համար Հայաստանի և իր դուստր Լուսինեի կերպարներն անբաժան էին: Հետևյալ դեպքը լսել եմ Ստամբոլցյանից: Լեհաստանում հյուրախաղերից վերադառնալիս, Մոսկվայում Լուսինեին և Վահագնին դիմավորել էր Խորենը: Այդ օրերին Մոսկվայում էին ամերիկացի անվանի գեղանկարիչ Ռոքուել Քենտը և իր տիկինը: Նրանք ցանկացան լսել Լուսինեի երգը, սակայն համերգաշրջանն արդեն ավարտված էր: Եվ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արխանգելսկին կարողացավ բացել տալ կոնսերվատորիայի երգեհոնային դասարանը: Լուսինեի երգով հմայված Քենտը ասել էր. «Ես գտա Հայաստանի մի նոր հրաշք` Լուսինեին, հոգևոր երգը»:

Բեմում Լուսինեի հետ համատեղ ելույթը, մանավանդ արարելը, նրա շնչառությանը և ծիածանվող ձայնի ծավալմանը հետևելը մի ան-նկարագրելի բերկրանք էր: 1986 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում հիմնեցի հնագույն երաժշտության «Գանձեր» համույթը: Մի օր այդ հաստատության նախագահ Ստեփան Պողոսյանը հանձնարարեց մեկ համերգով հանդես գալ Փոքր Վեդի գյուղում: Համերգին մասնակցում էին ռադիոյի մենակատարներ Լուսինեն և Ջիվան Գասպարյանը: Գյուղի ղեկավարին շնորհել էին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, և մենք պետք է նշանավորեինք այդ իրադարձությունը: Համերգից հետո օրվա հերոսն իր հիացական խոսքում մի քանի անգամ կրկնեց «մեր Լուսինեն» արտահայտությունը: Այդ օրվանից մենք էլ հաճախ ասում էինք «մեր Լուսինեն»։

Հատկապես նշված ժամանակաշրջանում, երբ դեռ «երկաթե վարագույրը» չէր փոխվել «թավշյա վարագույրի», արտասահմանում ելույթ ունենալը, չգիտես ինչու, համարվում էր գնահատման ամենաբարձր չափանիշը: Իսկ օտարամոլների տեսակետից նույնիսկ զբոսաշրջիկ լինելը պատիվ էր, էլ չեմ ասում` առևտուր անելը: Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Տերյանից եմ լսել հետևյալ պատմությունը, որը վառ կերպով արտացոլում է խորհրդային բարքերը: Երբ Ալեքսանդր Սոլժենիցինին սկսել էին հալածել, Մստիսլավ Ռոստրոպովիչը նրան պատսպարել էր իր ամառանոցում: Եվ ԽՍՀՄ մշակույթի նախարար Ե. Ֆուրցևան պահանջեց, որ Ռոստրոպովիչը վռնդի մեծ գրողին, բայց թավջութակահարը մերժեց: Այնուհետև Ֆուրցևան դիմեց դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի միջամտությանը: Վերջինս, չպատկերացնելով նման անգութ վերաբերմունքը, պարզասրտորեն առաջարկել էր. «Ճիշտ եք ասում, ընկեր Ֆուրցևա, որպեսզի Ռոստրոպովիչը շատ չնեղվի, Սոլժենիցինին ասեք, թող տեղափոխվի մեր տուն»: Տեսնելով, որ այդ երաժիշտները «իրար արժեն», նախարարը սպառնաց ու ասաց կամակոր Ռոստրոպովիչին, թե կզրկի արտասահմանյան հյուրախաղերից, կսահմանափակի միայն Ռուսաստանով: Ռոստրոպովիչը հակադարձեց. «Հայրենիքում ելույթ ունենալը երբվանի՞ց է պատիժ համարվում»: Մեզ էլ հաճախ հարցնում էին այնպես, ինչպես առողջության մասին. «կՏպջՊՍՈ ունե՞ք»: Երբ Վեդիի հիշյալ համերգից հետո նույն հարցը տվեցին, պատասխանեցի. «Նոր ենք վերադարձել հյուրախաղերից»: Կրկին. «Որտեղի՞ց», «Մոնտե-Վեդիոյից»,- բառախաղով «արդարացա»: Եվ հիշեցրի այն հայտնի ասույթը, թե` «ոչ թե տեղն է զարդարում մարդուն, այլ հակառակը»: Հիրավի, որտեղ էլ երգեր Լուսինեն` Փարիզում, Վեդիում, թե «Մոնտեվեդիոյում», միևնույն է, նրա ձայնը «քուլա-քուլա խունկի պես» հասնում էր մինչև երկինք…

Ափսոս, որ Լուսինեին հանդիպեցի այն ժամանակ, երբ նրա հիվանդությունը սաստկացել էր: Խորենն ինձ ասում էր, որ Լուսինեին առավոտները տանեմ մեր համույթի փորձերին, թեկուզ որպես ունկնդրի, միայն թե նա չկենտրոնանար իր հիվանդության վրա: Անշուշտ, անհարմար էի զգում այդպես վարվել: Խորենի հորդորով էր, որ Լուսինեի հետ մեր վերջին համերգը կայացավ 1987 թ. հուլիսի 16-ին, Կամերային երաժշտության տանը: Առավոտները երգչուհուն ուղեկցում էի փորձի, որը տեղի էր ունենում ռադիոյի Տերյան-2 ստուդիայում: «Գանձեր» համույթի փորձասենյակը գտնվում էր 3-րդ հարկում, և ես Լուսինեին թևանցուկ օգնում էի բարձրանալու աստիճաններով: Ոտքի կոտրվածքից հետո երգչուհին Հոլանդիա էր մեկնել ձեռնափայտով, վերադառնալուց հետո էլ դժվար էր քայլում: Մի օր էլ, երբ հաղթահարեցինք փորձասենյակի կտրուկ աստիճանները, Լուսինեն կանգնեց, շունչ առավ ու ասաց. «Ինչ դժվար է բարձրանալը»: «Լուսինե ջան, արվեստի գագաթներ բարձրանալը միշտ էլ դժվար է եղել,- կատակեցի ես,- բայց չէ՞ որ դու վաղուց այնտեղ ես, իսկ այդ մասին թող մտածեն ուրիշները»: Մեր վերջին փորձը համերգասրահում էր: Լուսինեն լսում էր երգերի նվագակցությունը, պաուզաներում ինչ-որ դեղ էր խմում, և դողացող բաժակից մերթ ընդ մերթ կաթիլներ էին թափվում: Համերգին նա հաղթահարեց իր տկար վիճակը, կերպարանափոխվեց, վեր հառնեց: Երեկոյին մասնակցում էին Գևորգ Հունանյանը, ում երգը Լուսինեն բարձր էր գնահատում, և երիտասարդ երգիչ Գագիկ Շիրինյանը: Լուսինեն շատ էր սիրում «Ավե Մարիա» երգերը և մի սկավառակի վրա ձայնագրել էր Բախ-Գունոյի, Կաչչինիի, Արկադելտի, Լուցցիի և այլոց նմուշները: Երգչուհու համար փոխադրել էի Ժոսկեն դե Պրեի, Թոմաս Լուիս դե Վիկտորիայի և այլոց խմբերգային «Ավե Մարիա»-ները: Հիշյալ համերգին Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու երգերի կողքին Լուսինեի հետ կատարեցինք Բարտոլոմեո Տրոմբոնչինոյի, Յոհաննես Բրամսի «Ավե Մարիա»-ները:

Ինչպես նշվեց, փորձերին ես էի բարձրացնում Լուսինեին, իսկ համերգին Լուսինեն իր երգով բարձրացրեց, վեհացրեց մեզ բոլորիս, զարդարեց այդ նվիրական երեկոն:

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ